Կառավարությունը երկարաձգեց Սյունիքի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչներին աջակցությունը։ Որոշումը կայացվեց կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում։
Այսպիսով՝ 38 մարդ կստանա ամսական 68 000 դրամ, քանի դեռ չի ավարտվել նոր բնակարանաշինությունը։ Իսկ շինարարության ավարտը նախատեսված է դեկտեմբերին։
Իշխանությունները 2021 թվականի հունվարի 29-ին որոշում են կայացրել օգնություն ցուցաբերել Շուռնուխ և Որոտան համայնքների ունեցվածքը կորցրած բնակիչներին։ 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի նոյեմբերը ներառյալ նրանց տրամադրվել է միանվագ 300 հազար դրամ և ամսական՝ 68 հազար դրամ օգնություն։
2022 թվականի մարտի 15-ին կառավարությունը սկսել էր Շուռնուխի 13 ընտանիքի բնակարանաշինությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 29-ին որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն:
Նախատեսվել էր այդ բնակիչներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն, որի միջոցառումը հաստատվել էր Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում (յուրաքանչյուր բնակչի միանվագ 300 հազար դրամ, և 6 ամիս՝ 68 հազարական դրամ), իսկ Շուռնուխ գյուղում կառուցել բնակելի նոր թաղամաս՝ 13 տնից բաղկացած, իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների համար:
Նշենք, որ համայնքների մերձակա որոշ տներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո։