Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերն այցելում են Արցախի համայնքներ՝ վերջին ռազմական գործողություններին հաջորդած մասսայական տեղահանումից հետո մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով, հայտնում է ԿԽՄԿ-ն։
Կոմիտեն հայտնում է, որ շատ քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում՝ կա՛մ սեփական ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք պահանջում են բժշկական օգնություն կամ սնունդ և ջուր: Մյուսներն օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ տրանսպորտ ապահովելու հարցում: ԿԽՄԿ թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը դիահերձարաններ։
«Ձմեռը մոտենում է։ Անձնական փորձից գիտեմ, որ այստեղ ձմռանը շատ դաժան է», – ասում է ԿԽՄԿ-ի աշխատակից Քրիս Փուլը:
Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ ու կատուներ։
Այցերից մեկի ընթացքում ԿԽՄԿ-ի թիմին է մոտեցել մի տղամարդ, որն ապրում է իր 92-ամյա հոր հետ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ հեռացել է, քանի որ գյուղը հոսանքազրկված է և հեռուստացույց կամ ռադիո չի գործում:
ԿԽՄԿ-ի թիմի հետ զրույցում Ահարոն Ղազարյանը պատմել է, որ երբ մարդիկ գնում էին, ինքը չէր կարող հեռանալ, քանի որ հայրը շատ ծեր է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։