Զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք, տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հորդորում ենք նման տեղեկությունների տիրապետող քաղաքացիներին դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ: Հատկապես այս բարդ ժամանակաշրջանում կոչ ենք անում տուրք չտալ տարբեր նպատակներ հետապնդող կեղծ և չճշտված տեղեկություններին»,- ասված է հայտարարությունում:
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է նաև, որ այս և մի շարք այլ հարցերի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում կանդրադառնա հրապարակային իր խոսքում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։