Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն իր հրամանագրով աշխատանքից ազատել է պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշվում է, որ բացառություն են կազմում Արցախի պետնախարը, կառավարության անդամները, պատգամավորները, իրավապահ մարմինների ղեկավարները, ԱԽ քարտուղարը, ԿԸՀ նախագահը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը։
Իրենց պաշտոնները կպահպանեն նաև Ստեփանակերտի քաղաքապետը, հիմնադրամների ղեկավարները, Արցախի շրջանների և համայնքների ղեկավարները, վարչակազմերի ղեկավարները:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: