Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը, որը երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, ABC հեռուստաընկերությանը հայտնել է, որ զինված ուժերը Գազա կմտնեն, երբ պատրաստ լինեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բանակին կանաչ լույս տրվեց: Իսրայելի կառավարությունը որոշում կայացրեց և կանաչ լույս տվեց բանակին»,- ասել է նա՝ հավելելով, որ զինված ուժերը դա կանեն, երբ պատրաստ լինեն։ Նախարարը հրաժարվել է մանրամասնել ռազմական ծրագրերը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը՝ 1000-ը։ Վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ, հաղորդվում է նաև տասնյակ զոհված և անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների մասին։