Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև, հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։
Դեսպանությունից հաղորդում են, որ բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին։
Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթին Լեռնային Ղարաբաղից»:
Բանաձևն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։
Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։