Հայկական կողմն Իրանում նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպման մասնակցելու հրավեր է ստացել, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի երեք պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարներին։ Այդ ֆորմատը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցություն»,- ասել է նա։
Կոստանյանի խոսքով՝ ձևաչափերի մշտական փոփոխությունը հայկական կողմի մոտ լրջագույն կասկածներ է հարուցում, թե արդյոք պաշտոնական Բաքուն հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու գործում: «Իրենք մի ձևափաչից մյուսն են փորձում անցնել և խուսափել կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից»,- ասել է նա:
Պատասխանելով իրենց տներում ապրելու արցախահայերի իրավունքն իրացնելու մասին հարցին՝ Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ վերադարձի իրավունքի ապահովումը ոչ միայն ՀՀ կառավարության, այլև միջազգային հանրության և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտականությունների մեջ է մտնելու: Նա հավելել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ մշտապես աշխատանքներ է իրականացնում:
Հոկտեմբերի 13-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպման ժամանակ կարևորել էին Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակի կանոնավոր աշխատանքը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։
«3+3»-ը Հարավային Կովկասում համագործակցության ձևաչափ է։ Ձևաչափը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձևաչափին մասնակցելուց հրաժարվել է միայն Վրաստանը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև այս ձևափափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին։