Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո 101,848 արցախցի տեղափոխվել է Հայաստան։ Մինչ այդ նրանք երեք օր՝ սեպտեմբերի 24-27-ը, Կոռնիձոր հասնելու համար կանգնել են մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ, որպեսզի բնակություն հաստատեն Հայաստանի տարբեր շրջաններում՝ թողնելով իրենց տները, տնային տնտեսությունները և կյանքն Արցախում:
Հայաստանի, Ֆրանսիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի, ՄԱԿ-ի բազմաթիվ օտարերկրյա գործընկերներ խստորեն դատապարտել են Ադրբեջանի հարձակումը և Բաքվից պահանջել երաշխավորել արցախցիների համար արժանապատիվ կենսապայմաններ, հայտարարել են Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորող միջազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին։
Սակայն հարցն այն է, թե արդյոք Արցախի ժողովուրդը կկարողանա՞ ապրել Ալիևի ավտորիտար ռեժիմի վերահսկողության տակ, նախագահ, որը Ստեփանակերտի և Երևանի հետ խոսել և խոսում է սպառնալիքների լեզվով։
Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով նրանցից, թե արդյո՞ք պատկերացնում են արցախցիների ապրելն Ադրբեջանի կազմում և ի՞նչ են մտածում Արցախ հնարավոր վերադարձի մասին։
Armenia Today-ի հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում արցախցիների վերադարձն Արցախ այն դեպքում, եթե այն շարունակի մնալ Ադրբեջանի տիրապետության տակ:
«Ես կարծում եմ՝ հնարավոր չէ, մինչև ՀՀ իշխանությունները չփոխվեն, մինչև մեր քաղաքականությունը չփոխվի, չենք կարող ապահովվել անվտանգ կյանք, այն էլ՝ ադրբեջանցիների հետ, երբ նրանք «սրսկված են» ատելությամբ»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները պետք է ընդունեն, որ Արցախն առանձին պետություն է։
«Ինձ թվում է՝ չեն ցանկանա, նրանք արդեն տեսան 3 գյուղի ոչնչացում, երբեք չեն վերադառնա այնտեղ: Միջազգային կազմակերպությունները, ըստ իս, չեն ուզում արցախցիների վերադարձը, միջազգային կազմակերպությունները պետք է ընդունեն, որ Արցախն առանձին պետություն է, ոչ թե Ադրբեջանին հպատակ, եթե միջազգային օրենքները գործեն, Արցախը պետք է լինի առանձին պետություն»,- ասաց նա:
Իսկ ահա քաղաքացիներից մեկն էլ կարծում է, որ հնարավոր է անվտանգ ապրել Ադրբեջանի տիրապետության տակ։
«Պիտի ապրես, որ իմանաս, դժվար հարց է, ես արցախցի չեմ, ես այդ ապրումները չեմ ունեցել, բայց, կարծում եմ, հնարավոր է, որ Ադրբեջանն ապահովվի անվտանգություն, ինչքա՞ն կարելի է թշնամանքը շարունակել, լավագույնը գլոբալիզացիան է, որ սահմանները բացվեն, մարդիկ նորմալ ապրեն»,- ընդգծեց նա: