ԼՂ-ից բռնի տեղահանված 95200 անձ արդեն իսկ ստացել է 100 հազար դրամ միանվագ աջակցությունը, կառավարության «Հումանիտար կենտրոնից» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 15207 անձի հոկտեմբերի 20-ին վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցությունը (նրանցից անչափահաս՝ 9447 անձ, չափահաս՝ 5760 անձ)։ Այսպիսով` մինչ այս պահը ծրագրից արդեն իսկ օգտվել է ավելի քան 95200 անձ։ Վճարման գործընթացը շարունակվում է»,- ասել է նա։
Նա հիշեցրել է, որ 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող կամ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք այդ գումարը կարող են ստանալ Հայփոստի միջոցով: Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է նաև, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կմեկնարկի բնակարանների վարձակալության (40 000 դրամ) և կոմունալ ծախսերի (10 000 դրամ) համար նախատեսված գումարների փոխանցումը:
ԿԳՄՍ նախարարության կողմից փոխանցած տվյալների համաձայն, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 20-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 15388 երեխա, այդ թվում՝ Սյունիք 585, Վայոց ձոր 324, Գեղարքունիք 737, Արարատ 2085, Կոտայք 2873, Արագածոտն 720, Արմավիր 1298, Շիրակ 629, Լոռի 905, Տավուշ 477, Երևան 4791:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։