2023 թվականի սեպտեմբերի 20-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է հավաքի 529 մասնակից, իր Facebook-յան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հրապարակելով սեպտեմբերի 22-ին Ներքին գործերի նախարարությանն ուղղված իր հարցման արդյունքները։
Հարցման համաձայն՝ նշված ժամանակահատվածում մարմնական վնասվածքներ են արձանագրվել 6 անձի մոտ, որոնցից 3-ը դիմել է հիվանդանոց։
«2 անձ հաղորդումներ է ներկայացրել, իսկ 1 անձի մոտ արձանագրվել է ձեռնաշղթայի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածք»,- նշված է ՆԳՆ պատասխանի մեջ։
Պատգամավորը հայտնել է, որ ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամկետով։ Վարդանյանը նշել է, որ կալանավորվածներից 17-ի հետ տեսակցություններն արգելվել են:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Արցախի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։