Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Տեղեկացնում են, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Սուերն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Ամփոփվել են 2022թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը,
վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով աշխատանքայի այցով մեկնել էր Ֆրանսիա։