ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչումը, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Պետդումայի մամուլի ծառայությանը:
«Պետդումայի պատգամավորները որոշեցին անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։ Կառավարության նախաձեռնած օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022թ.»,- ասված է հաղորդագրությունում։
Ինչպես քննարկման ժամանակ նշել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, օրինագծով առաջարկվում է Հայաստանին տալ լրացուցիչ առավելություններ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը և կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ. այս հիմքով է որոշում ընդունվել Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական վկայականների օգտագործումը թույլատրելու մասին:
«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է, իսկ Հայաստանի մասով մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզուն կարգավիճակ չունի»,- Պետդումայի խոսնակի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ առաջարկն արել է Պետդումայի տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը։ Նրա կարծիքով՝ այս նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։