Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:
Հոկտեմբերի 23-ին Լեկորնուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։