Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ նախկին ութ անկլավները «դեռևս գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ»։
ՀՀ ԱԳՆ-ն կարծում է, որ անկլավների հարցը կարող է քննարկվել սահմանների սահմանազատման շրջանակներում։ Հոկտեմբերի 10-ին Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանել էր այսպես կոչված «անկլավների» վերաբերյալ Ալիևի պահանջներին։ Նա ասել էր, որ եթե Ադրբեջանը բարձրացնում է Հայաստանի տարածքում անկլավների հարցը, ապա Հայաստանը ևս ունի Ադրբեջանի կողմից օկուպացված 8 անկլավ:
«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես»,- ասել էր նա:
Դեռևս 2022 թվականի մայիսի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասում էր՝ դե յուրե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան, իսկ դրանից մեկ տարի անց՝ 2023 թվականի մայիսի 22-ին արձանագրում, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քկմ-ով, որը ներառում է նաև Արծվաշենը, ապա Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 հազար 600 քկմ-ով:
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Տիգրանաշենը և Տավուշի վեց գյուղերը ներառված չեն 29 800 քառ. կմ Հայաստանի տարածքից, ինչը նշանակում էր Հայաստանի այս բնակավայրերի փաստացի ճանաչումը, որտեղ բնակվում են ՀՀ քաղաքացիներ՝ որպես Ադրբեջանի տարածք։
Armenia Today-ը նկարահանող խումբը եղել է այն տարածքներում, որն Ադրբեջանը համարում է իր տարածքները՝ Սոֆուլու ու Բարխուդարլու։
Անկլավը օտար պետության սահմանների ներսում գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք է, որը սահմանակցում է միայն մեկ պետության հետ: Ադրբեջանը հայկական Այրումը, Բաղանիսը, Վերին ու ներքին Ոսկեպարը, Տիգրանաշենը և ադրբեջանական անվանումներ ստացած Սոֆուլուն ու Բարխուդարլուն համարում է իր անկլավները: Այս հարցն առավել սկսել է շրջանառվել քառասունչորսօրյա պատերազմից հետո: Բայց եթե դիտարկում ենք հին քարտեզները, ապա դրանք հուշում են, որ տարածքները պատմականորեն հայկական են, իսկ հարցը ծագել է խորհրդային տարիներին:
Ոսկեպարի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Նվեր Բեգլարյանն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ անկլավն ընդհանրապես առաջացել է Խորհրդային Միության հետ, վերացել՝ Խորհրդային Միության վերացման հետ: «Այստեղ անկլավ արտահայտությունն Ադրբեջանն օգտագործում է՝ օգտվելով իր վերջին, այսպես կոչված, հաջողություններից և փորձում է ավելին քամել իր տարած թվացյալ հաղթանակից»,- ասում է նա:
Անկլավների հարցը, թերևս, այդքան չէր շրջանառվի, եթե դրանք լինեին սոսկ տարածքներ: Դրանք Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կետեր են: Տավուշում գտնվող գյուղերով անցնում են Հայաստանը Վրաստանին և Իջևանը Նոյեմբերյանին կապող ճանապարհները: Ի դեպ՝ այստեղով է մեր ցամաքային միակ կապը Ռուսաստանի հետ, իսկ Տիգրանաշենը կապում է Երևանը հարավին, որն էլ, իր հերթին, կրկին միակ ճանապարհն է դեպի Սյունիք և Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ռազմագիտության ուսուցիչ Նվեր Բեգլարյանը նաև նշում է, որ Ոսկեպարը Հայաստանի հյուսիս-արևելքի բանալին է։ «Ոսկեպարի GPS-ով սահմաններ գծելը կհանգեցնի նրան, որ թշնամին կնստի Ոսկեպարի մատույցներում։ Արդյունքում՝ տեղի կունենա բնակչության գաղթ, որովհետև ոչ ոք չի ուզենա, որ իր երեխան ապրի թշնամու թիրախի տակ»,- նշում է նա:
Եթե Ադրբեջանը վերահսկողություն ունենա իր ասած անկլավներում, ապա Հայաստանի կապը հյուսիսից հարավ լիովին կկառավարի թշնամին: Չնայած դրան՝ Փաշինյանը հայտարարում է, թե նոր ճանապարհներ կարող են կառուցել, որոնք կշրջանցեն այդ տարածքները։
Թերևս այստեղ կարող ենք թվարկել մի քանի ճանապարհների գոյություն չունենալու մասին: Քառասունչորսօրյա պատերազմից գրեթե երեք տարի է անցել, բայց Որոտան գյուղը չունի արտաքին աշխարհին կապող բարվոք ճանապարհ: Եթե այս տեմպերով նոր ճանապարհ կառուցվի, ապա կարելի է համարել, որ Հայաստանն իր տնտեսական զարգացման մեջ տարիներով հետ կընկնի: Եվ այնպես չէ, որ սահմանապահ գյուղի բնակիչներն ապրում են գոնե բարվոք պայմաններում: Անձրևն ու կարկուտը վնասել են ակնկալվող խոտն ու բերքը: Փոխհատուցում չի եղել:
Ոսկեպարի բնակիչ Սերժիկ Հակոբյանը նշում է, որ այս տարի խոտ չեն հնչի։ «Մերը տնամերձ է, ասում են՝ տնամերջին փոխհատուցում չկա»։
Եթե այս տարածքում տեղի ունենա դեմարկացիա և դելիմիտացիա, ապա Ոսկեպարի տներից երեքը կհայտնվի Ադրբեջանի սահմաններից ներս: Տներից մեկը պատկանում է Արտեմ Մանուչարյանին: Տարիներ առաջ ապրել են տնակում, տնակից քիչ հեռու կառուցել են տուն, որը չունի վկայական: Տան տերերը փաստացի գրանցված են տնակում, բայց ապրում են այնտեղ:
Ոսկեպարի հարևան Բաղանիսը կարևոր ռազմավարական նշանակութուն ունի: Եթե սա էլ վերահսկի ադրբեջանցին, ապա Հայաստանի ապագան գուշակելն այդքան էլ բարդ գործ չի լինի:
«Ինչքան էլ ասենք խաղաղության ենք գնում, Ադրբեջանը մեզ հետ խաղաղության կգնա այն ժամանակ, երբ իրենը կլինեն Սյունիքը, Վայոց ձորը, Արարատը, Գեղարքունիքը, Տավուշը և Լոռին։ Ադրբեջանի գծած նորագույն քարտեզներում երբ Հայաստանը կդառնա 10,000 քառ, կմ, այն ժամանակ մեզ հետ խաղաղություն կհաստատի»,- ասում է Ոսկեպարի դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Նվեր Բեգլարյանը։
Ադրբեջանի պարտադրած խաղաղությանն այստեղ դեմ են: Ասում են՝ եթե ադրբեջանցին վերադառնա այս տարածքներ, ապա Հայաստան այլևս չի լինի: Տավուշի սահմանամերձ գյուղերում ուզում են խաղաղություն, բայց խաղաղությունը չպիտի լինի ռազմավարական այլ տարածքների ու սակարկման հաշվին։
Բաղանիսի բնակչի խոսքով՝ աշխարհում մարդ չկա, որ ուզում է պատերազմ լինի։ «Մենք էլ չենք ուզում, բայց եթե պատերազմ չլինի, մենք ի՞նչ ենք տալիս՝ Ղարաբաղ, Սյունիք, միջանցք»,- ասում է նա։
Անկլավների թեման շարունակում է մնալ ակտուալ և միջազգային հանդիպումներում քննարկվող թեմա։