Հոկտեմբերի 23-25-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները վկայում են, որ Ադրբեջանը մոտ ժամանակներում կարող է ներխուժել Հայաստան, Միացյալ Նահանգները սա կարող է և պարտավոր է կանխել, գրում է ամերիկյան Time ամսագիրը։
«Հիմա, երբ աշխարհը նայում է Գազայի ուղղությամբ, փորձագետները կարծում են, որ ինքնիշխան Հայաստանն է թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախը, և ԱՄՆ-ն տեղյակ է այդ զարգացումներին»,- գրել է ամսագիրը և նշել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելին և Ուկրաինային երկրի աջակցությունը բացատրել է բռնապետերի կողմից մահն ու ավերածությունները կանխելու մտադրությամբ, ինչը կարող է կիրառվել նաև Բաքվի բռնատիրական ռեժիմի նկատմամբ։
Հոդվածի հեղինակ Սիմոն Մաղաքյանն ընդգծել է Բաքվի և Անկարայի սիմվոլիզմի մեծ դերը Երևանի դեմ իրականացվող ագրեսիվ ծրագրերում։ Ըստ հեղինակի՝ «!» ադրբեջանական ռազմական բեռնատարների վրա խորհրդանշում է հարավային Հայաստանի կտրված հատվածը, իսկ ռազմական զորավարժությունների ժամկետները մոտ են հոկտեմբերի 29-ին կայանալիք Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի արարողությանը։
«Էրդողանը վճռական է պատմության մեջ մտնել որպես Աթաթուրքից ավելի մեծ գործիչ, սակայն նա չկատարեց իր մեծ խոստումները: Հաջողակ ներխուժումը Հայաստան կիրականացներ Հայոց ցեղասպանության դարաշրջանի նպատակը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միացումը, մի բան, որին նույնիսկ Աթաթուրքը չկարողացավ հասնել»,- բացատրել է հեղինակը:
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Բաքվի ու Անկարայի էքսպանսիոնիստական նկրտումների կապի մասին է վկայում նաև զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023», նշել է Մաղաքյանը։ Հեղինակի կարծիքով՝ Միացյալ Նահանգները գործիքակազմ ուներ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու համար դեռ սեպտեմբերին, սակայն Բայդենի վարչակազմը սահմանափակվեց միայն խաղաղության կոչերով։
«Այն, որ ԱՄՆ-ն մասնավորաբար տեղյակ է, բայց հրապարակայնորեն նսեմացնում է ինքնիշխան Հայաստան ներխուժելու նույնիսկ ավելի համարձակ սցենարը, հատկապես կենտրոնանալով Ուկրաինային և Իսրայելին աջակցելու վրա, մատնանշում է մեկ եզրակացություն. պատմությունը մեզ սովորեցնում է, որ որոշ ժողովրդավարություններ, ինչպես որոշ կյանքեր, ավելի թանկ են, քան մյուսները»,- եզրափակել է հեղինակը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին ասել էր, որ ութ անկլավներ «դեռևս գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ» և ընդգծել դրանց «ապաօկուպացիայի» կարևորությունը։ Հոկտեմբերի 9-ին ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր Բաքվի կողմից «մի քանի շաբաթվա ընթացքում» նոր ռազմական ագրեսիայի սպառնալիքի մասին։ Հոկտեմբերի 14-ին Politico-ն հաղորդել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախազգուշացման մասին օրենսդիրներին՝ առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի հարավ ադրբեջանական հնարավոր ներխուժման մասին: Հոկտեմբերի 23-ին Financial Times-ը գրել էր նաև Հայաստան ադրբեջանական ներխուժման մտավախությունների խոր արմատների մասին։
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել ՊԵԿ նախագահի պաշտոնից
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել ՊԵԿ նախագահի պաշտոնից, այդ մասին նա հայտնել է ՊԵԿ Facebook-յան էջում հրապարակած ուղերձում։