Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ հակամարտության լուծմանն օգնելու համար, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Դեռ ոչ։ Ստույգ փոխըմբռնում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե առաջընթաց կա արդյո՞ք Մոսկվային որպես խաղաղության ծրագրի նախապատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։