Կառավարության վաղվա նիստում որոշում կընդունվի, որով Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին: Պատգամավորը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներից ահազանգեր է ստացել իրենց կարգավիճակով պայմանավորված սոցիալ-աշխատանքային խնդիրների առաջացման առումով:
«Մենք դա անում ենք շեշտելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի տեղական և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ընդլայնվեն: Որոշումից անմիջապես հետո ԼՂ-ի մեր քույրերը և եղբայրները հնարավորություն կունենան դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և հնարավոր արագ ձևով այդ հարցերը կկարգավորենք՝ այդ թվում հասցերագրելու համար հանրային ծառայության հետ կապված հարցերը»,- ասել է վարչապետը:
Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հարցը քննարկվել է Արցախի հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական ներկայացուցիչների հետ: Պատգամավորը նաև մատնանշել է արցախցիների բնակարանային ապահովման խնդիրը: Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ տրվող սերտիֆիկատները չեն աշխատում, որովհետև այսօր բնակարանային շուկայում, մարզերում այդ գումարով բնակարան անհնար է գտնել, այդ մարդիկ էլ չեն կարող լրավճարներ անել կամ օգտվել վարկերից:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ պետական ինստիտուտների կողմից կայացվելիք որոշումները քննարկում են այն ինստիտուտների և շրջանակների հետ, որոնք ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրության որոշումներ կայացնելու լիազորոություններ ունեն:
Անդրադառնալով սերտֆիկատների մասին հարցին, Փաշինյանը նշել է, որ փորձում են կարգավորել հարցը: