Կան աշխատանքային մանրամասներ, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին Եվրամիության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ ու հասկանալ հետագա անելիքները, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին հնչած հարցերին:
Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ հանդիպման չկայացման պատճառն Ադրբեջանի նախագահի կողմից իր մասնակցությունը չհաստատելն է եղել:
«Մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել այդ հանդիպմանը: Եվրամիության խորհրդի նախագահի 2023թ. հուլիսի 15-ի հայտարարության մեջ արձանագրված են այն երեք կարևոր սկզբունքները, որոնց հիման վրա պայմանավորվել ենք, որ պետք է տեղի ունենա խաղաղության գործընթացը: Դրանցից առաջինը ՀՀ և Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, երկրորդը Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացիայի իրականացնումն է: Երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության, իրավազորություն հիման վրա: Մենք պատրաստ ենք առաջ գնալ խաղաղության գործընթացում և նախկինում մեր արած հայտարարությունների մեջ այս առումով որևէ բան չի փոխվել»,- ընդգծել է նա:
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա՝ ժամանակի սղության պատճառով: