ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ՝ hեռակա քրեական վարույթ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, դատախազը 2023թ․ հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018թ․ հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով, անտեսելով կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին Վ.Ս.-ն հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձանց»,- ասվում է հաղորդագրությունում:
Հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում։ 2023թ․ հոկտեմբերի 25-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ: Նույն օրը հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվել է Վ.Ս.-ի պաշտպանին: Նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: