Եկող տարի՝ 2024 թվականի փետրվարի 21-ին, Միսակ Մաուշյանի աճյունը կտեղափոխվի Փարիզի պանթեոն, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին։
Նրա խոսքով՝ Մանուշյանն առաջին այլազգին է, որի աճյունը կամփոփվի պանթեոնում, այնտեղ միայն ֆրասիացիներ են։
«Իսկապես դա շատ մեծ իրադարձություն է, որը կլուսաբանվի հեռուստատեսությամբ։ Այն գրեթե աննախադեպ է»,- ասաց Մալակին՝ հավելելով, որ երկրի նախագահ Մակրոնն ասել է, որ Մանուշյանը ֆրանսիական մեծության մի մասնիկն է կրում։
«Մանուշյանը մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունը և արժեհամակարգը, այդ պատճառով մենք պարտավոր ենք նրան մեծարել»,- ասաց նա՝ նշելով, որ խոսել է նախարարի հետ, որ այս իրադարձությունը զուգահեռաբար լուսաբանվի նաև Հայաստանում և մեծ արձագանք ստանա։
Արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին է նշանակվել Մանուշյանի և նրա համախոհների մահապատժի 80-րդ տարելիցի առթիվ։
Մանուշյանը հայ բանաստեղծ է, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների։ Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից։ Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս։