Հոկտեմբերի 27-ի գործով վերջին 1 տարվա ընթացքում մի քանի տասնյակ անձինք են հարձաքննվել, առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք»,-նշում են դատախազությունից։
Տեղեկացնում են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
«Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում: Ստացվել են դիմումներ և դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան»,-նշել են դատախազությունից։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ:
Այսօր հոկտեմբերի 27-ի 24-րդ տարելիցն է։ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին: Եվս 8 հոգի վիրավորվեց։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։