Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Հայաստանի հարավային շրջաններ, զգուշացնում են նախարարության տարածած հաղորդման մեջ:
«Նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, Գեղարքունիքի մարզի Սևանա լճից հարավ և արևելք ընկած հատվածներ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մինչև հինգ կիլոմետրի վրա գտնվող տարածքներ այցելություններից»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Մասնավորապես նշում են Մարտունի քաղաքից արևելք և հարավ ընկած տարածքները, Երասխ քաղաքը և ճանապարհի այն հատվածները, որոնք անցնում են սահմանամերձ տարածքով։ Նշվում է, որ Շվեդիայի ԱԳՆ խորհուրդն ուժի մեջ է մինչև հետագա ծանուցումը:
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին ասել էր, որ ութ անկլավներ «դեռևս գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ» և ընդգծել դրանց «ապաօկուպացիայի» կարևորությունը։ Հոկտեմբերի 9-ին ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր Բաքվի կողմից «մի քանի շաբաթվա ընթացքում» նոր ռազմական ագրեսիայի սպառնալիքի մասին։ Հոկտեմբերի 14-ին Politico-ն հաղորդել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախազգուշացման մասին օրենսդիրներին՝ առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի հարավ ադրբեջանական հնարավոր ներխուժման մասին: Հոկտեմբերի 23-ին Financial Times-ը գրել էր նաև Հայաստան ադրբեջանական ներխուժման մտավախությունների խոր արմատների մասին։
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը խաղաղության համար հնարավոր բոլոր գները վճարել է և չի կարծում, թե ավել գին կվճարի: