Մախաչկալայի օդանավակայանի հարակից տարածքում մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիայի է մասնակցել, ինչն անկարգությունների ու բախումների է վերածվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցուցարարներն օդավակայան են ժամանել այն ժամանակ, երբ կիրակի երեկոյան Թել Ավիվից հերթական կանոնավոր չվերթն է վայրէջք է կատարել։ Նրանք, դեմ լինելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, փորձել են փնտրել այդ չվերթի ուղևորներին։
Ria.ru-ի փոխանցմամբ՝ Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է 9 ոստիկան, նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։
ՏԱՍՍ-ն ավելի ուշ հայտնել է, որ քաղաքացիների շրջանում ավելի քան 20 մարդ Է տուժել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։