Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է ՄԱԿ-ի առաքելության Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքները և կազմակերպությանը կոչ է արել առավել անաչառ լինել հայ բնակչության իրավունքների ապահովման հարցում, ասվում է ինստիտուտի կայքում։
«Չնայած այս առաքելության այցի նպատակի բարդությանը, գնահատումն ինքնին և այս գնահատման արդյունքների հայտարարությունը ավարտվեցին մեկ օրվա ընթացքում՝ հարցեր առաջացնելով, թե ՄԱԿ-ի առաքելությունը որքանով կարող է լրջորեն վերաբերվել տեղում գնահատման առաջադրանքին»,- հայտարարել է ինստիտուտը։
Ինստիտուտը նշել է, որ սա ՄԱԿ-ի առաջին այցն էր տարածաշրջան վերջին 30 տարվա ընթացքում և հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 30-ին 1 միլիոն դոլարի նվիրատվությունը ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին՝ առաքելության Լեռնային Ղարաբաղ տեղակայումից ընդամենը մեկ օր առաջ։
«Մենք կասկածի տակ ենք դնում այս առաքելության ամբողջականությունն ու ազնվությունը: ՄԱԿ-ի առաքելության անորոշ գործառնական սկզբունքներն ու գնահատականները, որոնք զուրկ էին որևէ կոնկրետ նպատակներից, մեթոդաբանությունից կամ առաջարկություններից, լրջորեն վտանգեցին խաթարելու վստահությունը, որը միջազգային հանրությունը միասին տրամադրում է Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտն ընդգծել է, որ 24 ժամը չի կարող բավարար լինել տեղում իրավիճակը ադեկվատ գնահատելու համար, և նկատել են Ղարաբաղում մնացած հայերի թվաքանակի վերաբերյալ առաքելության տվյալների և Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի տեղեկատվության միջև եղած հակասությունը։ Նա նաև քննադատեց այն պնդումը, որ Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքները անձեռնմխելի են՝ չնայած ամբողջ հանրապետությունում ավերածությունների բազմաթիվ ապացույցներին:
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին պատրաստել համապատասխան առաքելություն Արցախի Հանրապետությունում, որը կներառի միջազգային թիմի անդամներ հակամարտությունից չեզոք երկրներից՝ տեղում ներկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար»,- եզրափակել է ինստիտուտը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել էր, որ իր թիմը «համայնքի ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնացել են 50-ից 1000 էթնիկ հայեր»: Ավելի ուշ Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ Արցախում մնացել է 15-ից 40 հայ։