«Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:
Քրեական վարույթով անցնող ութ մեղադրյալներներից երկուսի՝ Ս.Ս.-ի և Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի գնահատման արդյունքում (Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Դատախազությունը 2023 թվականի մայիսի 16-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը և որպես գործարքի անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել «Սոխոսենթր» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: