Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունից հաղորդում են, որ աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։
Կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իսկ ստորագրված հուշագրով պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։
Հոկտեմբերի 23-ին Հայաստանն ու Իրանն ավելի քան 200 մլն դոլարի ներդրումային ծրագրի պայմանագիր էին ստորագրել, որը նպաստելու է Հյուսիս-հարավ ծրագրի կյանքի կոչմանը: