Բացարձակ տեղեկացված չեմ այդ գործի մասին, կգնամ, կճշտեմ, կասեմ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով ՄԻՊ ընտրության ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ Էդգար Ղազարյանի հասցեին արած սպառնալիքների մասին հարցին:
Քյարամյանի խոսքով՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար պետք է հանցագործության մասին հաղորդում լինի:
«Քննչական կոմիտեն հայտարարություններ ուսումնասիրելու լիազորություններ չունի, մենք նախաքննական մարմին ենք, իրականացնում ենք բացառապես նախաքննություն»,- հայտարարել է կոմիտեի ղեկավարը:
Քյարամյանը չի պատասխանել Սամվել Բաբայանին Քննչական կոմիտե հրավիրելու մասին հարցին՝ ընդգծելով, որ «կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթակա չէ»:
Անդրադառնալով Արցախի բնակչության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցված վարույթի մասին հարցին՝ Քյարամյանը նշել է, որ խոսքը վերաբերում է էթնիկ զտման համատեքստում հարուցված քրեական գործին:
«Քննչական կոմիտեն Լեռնային Ղարաբաղում քննություն իրականացնելու իրավասություն չունի, բայց կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ՝ ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումը, որը ցեղասպանության հանցակազմի տարր է պարունակում, որի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել: Այն վերաբերում է ինչպես մինչև ռազմական գործողությունները տեղի ուենցած գործողություներին, այնպես էլ՝ դրանից հետո»,- շեշտել է նա:
Քյարամյանը նաև հավելել է, որ ինտեսիվ զբաղվում են և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ մնացած մարդկանց գերեվարման, խոշտանգման հարցերով, որոնք վերաբերում են մարդկության դեմ ուղղված հանցակազմին: