Ադրբեջանն Իսրայելի իշխանությունների թույլտվությամբ Pegasus ծրագիրն օգտագործում է Հայաստանի դեմ որպես կիբերզենք, ասել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ Apple-ը, հիմնվելով հեռախոսների գործունեության ուսումնասիրության վրա, պարբերաբար ծանուցումներ է ուղարկում, որ տվյալ հեռախոսը հարձակման է ենթարկվել կոնկրետ պետությանն սպասարկող հաքերների թիմի կողմից։
Ըստ փորձագետի՝ Հայաստանում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում խոսքը Pegasus լրտեսող ծրագրերով հեռախոսի վարակման մասին է։ Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրն ստեղծվել է իսրայելական մասնավոր ընկերության կողմից, որը վաճառվում է մի շարք երկրների պետական կառույցներին։
Նրա խոսքով՝ Pegasus-ը վաճառվում է հանցագործներին գաղտնալսելու նպատակով, սակայն գործնականում տարբեր բռնապետական ռեժիմներ այդ ծրագիրն օգտագործում են քաղհասարկության դեմ։
Ծրագիրն ամենաակտիվ օգտագործող երկրներից մեկն Ադրբեջանն է, որը, ըստ Մարտիրոսյանի, այն օգտագործել է միայն երկրի ներսում մոտ 1000 թիրախների դեմ, որոնք ընդդիմադիր քաղաքական գործիչներ և լրագրողներ են։
Անդրադառնալով միջազգային փորձագիտական խմբի կարծիքին՝ Մարտիրոսյանն ասել է, որ Իսրայելի կառավարության թույլտվությամբ Ադրբեջանը Pegasus-ն օգտագործում է Հայաստանի դեմ՝ որպես կիբերզենք։ «Սա համարվում է ռազմական արտահանում և առանց Pegasus-ի թույլտվության չի վաճառվում այլ երկրներ»,- ասել է նա։
Նա նշել է, որ վարակի մասին նախազգուշացումները գալիս են Apple-ից վերջին 2 տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ հարյուրավոր քաղաքացիներ այս ընթացքում դիմել են ՀՀ փորձագետների՝ այդ նախազգուշացումներն ստանալու հետ կապված, մինչդեռ 30 տոկոս դեպքերում խոսքը հեռախոսները լրտեսող ծրագրերով վարակելու անհաջող փորձերի մասին է։
Իր հերթին՝ CyberHub հարթակի համահիմնադիր Արթուր Պապյանը խոսել է օպերացիոն համակարգերի տարբերությունների մասին՝ կիբերանվտանգության տեսանկյունից։ Նա նշել է, որ Apple-ն արտադրում է իր օպերացիոն համակարգը և դրանից ստանում որոշակի ախտորոշիչ տվյալներ։
Փորձագետի կարծիքով՝ ի տարբերություն Google-ը, որը տարածում է բաց կոդով Android օպերացիոն համակարգը, իր համակարգի նկատմամբ վերահսկողություն այս մակարդակը չունի։ « «Apple» ընկերությունը դիագնոստիկ տվյալներ է ստանում իր հեռախոսից։ «Google»-ն իր «Android» օպերացիոն համակարգը բաց կոդով տարածում է և այդ կարգի վերահսկողություն չունի, ինչպես «Apple»-ը։ Այնպես որ, եթե ծանուցում չեք ստացել, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում։ Կարող է ձեր հեռախոսը վարակվել է, ինֆորմացիայի արտահոսք եղել է ու դուք այդ մասին չգիտեք»,- ասել է Պապյանը։