Պայթյունից տուժած և մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացածներից 116 հոգի է այս պահին բուժում ստանում, լրագրողների հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա տվյալներով՝ 12 հոգու վիճակը ծանր է։
Ավանեսյանը հայտնել է, որ 100-ից ավելի դուրսգրումներ են եղել վերջին երկու շաբաթվա ընթացքում։
«Բուժման գործընթացը, վերականգնողական բուժումը բավական երկար է, բայց ամեն ինչ արվում է նրանց ապաքինման համար»,- հավաստիացրել է նախարարը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։