Բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն՝ ներկայացնելով մանրամասները։
Մասնավորապես, Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է։
Նշվում է, որ հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Միևնույն ժամանակ՝ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, ազդանշանային պայթուցիկ-սարք, ազդանշանային հրթիռի արձակման սարք, թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, նշանառության սարք, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված փաստաթղթեր և այլն։
«Նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողություններն սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և ակտիվիստներին: Ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան»,- հայտնում է ԱԱԾ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները։ Նախաքննությունը շարունակվում է։