Հայ-ռուսական հարաբերություններում տեսանելի որոշ խնդիրներ կան, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ՝ ՌԴ-ում նույնպիսի վերաբերմունք կա, 2024թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում: Մենք որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել և գործընկերաբար առաջ շարժվել: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք»,- նշել է Միրզոյանը՝ ավելացնելով, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ամեն ինչ երկկողմանի է:
Նա ընդգծել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը ՀՀ սահմանային կայունության և անվտանգության գործում: Միրզոյանի խոսքով՝ Եվրոպական միության հետ համագործակցության նոր հարթակներ, ուղղություններ են բացահայտում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՀՀ ԱԳՆ հաղորդել է, որ դեսպանը կանչվել է 2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին:
Մոսկվայում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան կոշտ նոտա է ներկայացվել, ՀՀ-ի կողմից մի շարք ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ը նաև դեսպանին է փոխանցել բողոքի նոտա, որտեղ նշվում է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հասցեին հնչեցրած «վիրավորական արտահայտությունների անընդունելի լինելը»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի ընդունումը որակում է որպես «ոչ բարեկամական գործողություն»:
Մանրամասները՝ տեսանյութում