Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Արմեն Աշոտյանի անունից ներկայացրել եմ դիմում կալանավորման ապօրինության վերաբերյալ, ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Աշոտյանին, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշել է, որ դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով:
Փաստաբանը պարզաբանել է, որ միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում: Սակայն դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, դրանից առկա են բացառություններ:
«Չգիտեմ, որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել: Աշոտյանի դեպքում ևս առկա է հիմք բացառություն անելու համար: Արմենը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակույթյուն են և ծաղր իրավաբանության հանդեպ»,- գրել է նա:
Փաստաբանը նշել է, որ միջանկյալ միջոցի հարցում մեծ հույսեր չի կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, «ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն գտնում է, որ նման քայլերի դիմելը պարտադիր է՝ առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար»:
Հոկտեմբերի 11-ին Արմեն Աշոտյանի կալանքը 3 ամսով երկարացվել էր։ Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր։ Օգոստոսի 15-ին Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր։
ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք է առաջադրվել դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։