Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստվում են Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել կամ որեւէ հայտարարություն ընդունել այդ նիստի ժամանակ:
«Նիստի մասին քննարկում կա, այո, բայց ոչ միայն ինքնորոշման մասին, խնդիրը միայն դա չէ: Արցախի Ազգային ժողովը լուծարված չէ, այն պե՞տք է ինչ-որ գործունեություն ծավալի, թե՞ ոչ: Միայն ինքնորոշման հարց չէ, նաեւ մեր հետագա քայլերի, ճակատագիրը, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք անելու. այս բոլոր հարցերը պետք է քննարկենք», -ասել է Աղաբեկյանը՝ չցանկանալով փակագծեր բացել:
Աղաբեկյանը նաև հայտնել է, որ չի հաջողվել կապ հաստատել ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հետ, որպեսզի նա նիստ հրավիրելու նախաձեռնությանն ընթացք տա:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։