Հայկական ծագումով եգիպտացի նկարչուհի Աննա Բողիկյանի քաղաքական ենթատեքստով գեղարվեստական ինստալյացիաները ներկայացվել են Տորոնտոյի Ժամանակակից արվեստի Power Plant պատկերասրահում՝ «Փոփոխության ժամանակը» ցուցահանդեսին, հաղորդում է պատկերասրահի մամուլի ծառայությունը։
«Այս աշխատանքները միասին արտացոլում են ուժային հարաբերությունների համընկնող պատմությունները, սոցիալական փոխակերպումների և քաղաքական գաղափարախոսությունների ծնունդը»,- ասվում է ցուցահանդեսի նկարագրության մեջ։
2022-2023 թվականներին ստեղծված «Շախմատային խաղ» ինստալյացիայի մեջ նկարչուհին ավանդական կերպարները փոխարինել է իշխանության համար պայքարող նմանատիպ և հակադիր մտքի դպրոցների պատմական դեմքերի պատկերներով:
2022-ի «Փոփոխության ժամանակը» 96 շերտավոր գծագրերի հավաքածու է, պատկերում է հեղափոխությունների վերելքը և ռեպրեսիվ ռեժիմների անկումը։ Մեկ այլ արվեստի ինստալացիա, որը կոչվում է «Ապստամբություն», խոսում է ժամանակակից գյուտարարների և մտավորականների մասին, որոնց գաղափարները փոխել են հասարակությանը:
Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսը նվիրված է ոչ միայն սոցիալական ցնցումներին, այլև արվեստի աշխարհի զարգացմանը՝ ի պատասխան քաղաքական իրադարձությունների, ինչպես նաև արվեստագետների դերին ժողովրդավարության պաշտպանության գործում:
«Բռնապետական ռեժիմների և պահպանողական կառավարությունների գլոբալ վերելքով, որոնք ոտնձգություն են անում ազատության վրա, Բողիկյանի աշխատությունն ընդգծում է պատմական ամնեզիայի խնդիրը և իշխանությունը տապալելու համար անհրաժեշտ համակարգված ջանքերը»,- նշում է պատկերասրահը: