ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ընդունել է նախարարության մոտ բողոքի ակցիա անցկացնող մի խումբ արցախցիների։ Հանդիպման մասին մանրամասներ է պատմել ակցիայի մասնակից, պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ սոցապփոխնախարարը հայտնել է, որ փախստականի և ՀՀ քաղաքացու իրավունքները նպաստներից ու թոշակներից օգտվելու առումով հավասարեցված են՝ անկախ ՀՀ քաղաքացիություն ընդունելու հանգամանքից։
«Հոկտեմբերի 26-ից հետո ընկած ժամանակահատվածի դիմաց դեկտեմբերին ստանալու ենք հոկտեմբեր ամսվա 5 օրերի, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակները, իսկ զինվորական թոշակառուներն անցած ամիսների դիմաց ստանալու են իրենց թոշակները»,- նշել է Պետրոսյանը։
Ակցիայի մասնակցի խոսքերով՝ նախարարությունից հայտարարել են, որ բարձրացված հարցերի մի մասը սոցապ նախարարության լիազորությունների շրջանակներում չէ և դրանց պիտի պատասխանեն Ներքին գործերի և Արդարադատության նախարարները։
Պետրոսյանը հավելել է, որ, ըստ իրենց հայտնած տեղեկությունների, արցախցիներին բնակարանային ապահովման, համայնքերում տեղավորման համար նախարարությունն աշխատանք է ծրագրել միջազգային գործընկերների հետ, բայց կոնկրետ ժամկետների մասին իրեն տեղեկություն չի փոխանցել։
Ակցիայի մասնակիցն ընդգծել է, որ եթե հարցերի լուծումները չբավարարեն, կշարունակեն բողոքի ակցիաները։
Նոյեմբերի 6-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ էին հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ՝ սոցիալական նպաստների վճարման պահանջով։
Մանրամասները՝ տեսանյութում