ՀՀ սոցապ նախարարությունը մանրամասներ է հայտնել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ։
Անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախարարությունը հղում է կատարում հոկտեմբերի 26–ին կայացած նիստում կառավարության ընդունած այն որոշմանը, որով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ են վերցնում։ Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
«Առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։ Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին»,- պարզաբանում են նախարարությունից:
Արցախցիներին կենսաթոշակ նշանակելու դեպքում նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած:
Գերատեսչությունից հավելում են, որ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում՝ նրանց դիմումները կմերժվեն: