ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է, Armenia Today-ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ ևս անդրադարձել է նախկին պատգամավորի կալանավորմանը։
Նշվում է, որ Ա․ Ա․-ն (Արագած Ախոյանը-խմբ) 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
«Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր» ,-հայտնում են ՔԿ-ից։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ․ նոյեմբերի 3-ին Ախոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, առավելագույն պատիժը՝ 3 տարի ազատազրկում) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է։
Ախոյանը, ըստ ՔԿ հաղորդագրության, նոյեմբերի 6-ին ձերբակալվել է և նրան մեղադրանք է առաջադրվել։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով։