«Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Արարատ Պետրոսյանը հունական Greek City Times-ում անդրադարձել է Ադրբեջանի կատարած հանցագործություններին և մատնանշել այդ երկրին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
«Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հարցը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Հատկապես մտահոգիչ են սեպտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի կողմից իրականացված մահացու հարձակման հետևանքով տեղի ունեցած միջադեպերը, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության տեղահանմանը»,- գրել է Պետրոսյանը։
Նա նշում է, որ դրանց քննությունը կենսական նշանակություն ունի ադրբեջանական կողմի այլատյացության քաղաքականության և դրանցից բխող հնարավոր վտանգների պատշաճ գնահատման համար։
Հոդվածագիրը շեշտում է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել կադրերին, որոնք հստակ պարունակում են խոշտանգումների և մահապատիժների նշաններ:
Պետրոսյանը հույս է հայտնում, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի ընդունումից հետո Հայաստանը ոչ միայն կարող է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին բազմաթիվ հանցագործությունների համար, այլ նաև կարող է կանխել ադրբեջանական նոր արկածախնդրությունը:
Այս քայլը, նրա կարծիքով, չի կարող ամբողջությամբ փոխարինել գործող անվտանգության համակարգերը, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը) և Ռուսաստանի հետ համաձայնագրերը: Այնուամենայնիվ, դա կարող է պատասխանատվության նոր էջ բացել Ադրբեջանի և նրա ղեկավարության համար:
«Համաշխարհային անվտանգության համակարգի փլուզման և բազմաթիվ խոշոր տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում Ադրբեջանի անխոհեմ պահվածքը վերահսկելը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում»,- համոզմունք է հայտնում Պետրոսյանը:
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։