Բաքվի դատարանի որոշումը հակասում է ցանկացած նորմի՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Վագիֆ Խաչատրյան. «Ես անմեղ մարդ եմ»։ Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի հստակ մերժմանը, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվեց» 15 տարվա ազատազրկման Բաքվի մեկամսյա կեղծ շոուից հետո։ Մենք շեշտում ենք, որ սա հակասում է ցանկացած նորմերի՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Վագիֆ Խաչատրյանի դեմ գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 13-ին:
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով ԿԽՄԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչև օգոստոսի 8-ը․ վերոնշյալ տեղեկությունները փոխանցվել էին վերջինիս հարազատներին: