Հարավային Կովկասում իրադրության ապաէսկալացմանն ուղղված ՀԱՊԿ նախագիծը մնում է ուժի մեջ և կարող է ընդունվել «կոնսենսուսի հասնելու դեպքում», հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը Մոսկվայում ընթացող ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, կոնսենսուսի հասնելու դեպքում մնում է ուժի մեջ»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական գործունեության, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգը։ «Ահաբեկչական և ծայրահեղական տարրերի ներթափանցումը կապված է ոչ միայն Աֆղանստանում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի, այլև Աֆղանստանին սահմանակից շրջաններում կայունության հետ»,- հավելել է Թասմագամբետովը։
Նա նշել է, որ այս ամենն ավելի է արդիականացնում Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի հատվածի ուժեղացման ՀԱՊԿ թիրախային միջպետական ծրագրի աշխատանքը օպերատիվ կերպով ավարտելու խնդիրը։ Գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ունի հակամարտությունների աստիճանական կարգավորման դրական օրինակներ։ «Այսպիսով՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև հակամարտությունը կարգավորվում է աստիճանաբար և առանց միջնորդների՝ պետությունների ղեկավարների ջանքերի շնորհիվ»,- նշել է Թասմագամբետովը։