Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 12-21-ը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Համերգները կանցկացվեն հեղինակավոր համերգասրահներում. նոյեմբերի 12-ին կկայանա Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլլում», նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն հոլլում», նոյեմբերի 19-ին՝ Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության «La Maison Symphonique» համերգասրահում, նոյեմբերի 21-ին՝ Բոստոնի «Սիմֆոնիկ հոլլում»:
Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 2-ը:
Համերգների մենակատարներն են համաշխարհային մեծ համբավ ունեցող հայ երաժիշտներ՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը, Անուշ Նիկողոսյանը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 21-ին Բոստոնի «Սիմֆոնիկ հոլլում» կայանալիք համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասույթը՝ որպես մարդասիրական օգնություն կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանը: