Նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտթևը լուռ երթ է կազմակերպել՝ նվիրված 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցին:
Երիտասարդները Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից Արցախի բնակավայրերի անվանումներով պաստառներով շարժվել են դեպի ՀՀ Ազգային ժողով՝ վերահաստատելով Արցախի դեմ գործի դրված անարդար ու անմարդկային ծրագրերի դեմ իրենց բողոքը:
«Մենք համարում ենք, որ մեր հայրենիքի մի հատվածը հանձնվել է՝ միջազգային բոլոր նորմերի և սկզբունքների անմարդկային ոտնահարումներով, իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանումներով ու էթնիկ զտումներով: Աշխարհը պետք է իմանա, որ Արցախյան էջը չի կարող և չի կարելի փակված համարել: Այդ հարցում մեր առաջին պահանջը Հայաստանի իշխանություններին է ուղղված»,- նշել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը Արցախի խաղաղ բնակավայրերը ենթարկել է հրետանային և հրթիռային հարձակումների, այդ թվում՝ արգելված զենքի կիրառման։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարություն էին ստորագրել հրադադարի և հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման մասին։
Պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է Հադրութը, Շուշին, ինչպես նաև ԼՂԻՄ-ից դուրս գտնվող 7 շրջաններ։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմում զոհված զինվորների ու խաղաղ բնակիչների թիվը գերազանցում է չորս հազարը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։