ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի մասով։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն»,- գրել է նա:
Բադալյանը նշել է, որ ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:
ԱԳՆ խոսնակը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երևանի «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնությունը համահունչ է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող նախագծերին։ Զախարովայի խոսքով՝ այս խմբի շրջանակներում 12 հանդիպում է կայացել, և շատ մոտ են եղել բոլոր կողմերին ձեռնտու փաթեթային լուծմանը։ «Ցավոք, այս հարցին վերջնական լուծում տալ չի հաջողվել։ Ոմանց մոտ դա անելու քաղաքական կամքը բացակայում է»,- հավելել էր ռուս դիվանագետը։
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․Ահմեդի
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական, հայտնել է Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին։ «Սա նշանակալի...