Ադրբեջանը Տիգրանակերտում «պեղումներ» է սկսել Արքայական աղբյուրների շրջակայքում՝ 18-րդ դարի մզկիթին կից, ընդ որում՝ բացել են պատի մի հատված, որը Տիգրանակերտի արշավախմբի կողմից պեղվել է դեռևս 2011 թվականին, հայտնում է Monument watch-ը։
«2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նատիք Ալիշովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ Տիգրանակերտի Արքայական աղբյուրներից: Լուսանկարներից երևում է, որ Փանահ խանի կողմից կառուցված մզկիթին հարավից կից տարածքում հողային աշխատանքներ են ընթանում: Աշխատանքների հետևանքով բացվել են միջին չափի կոպտատաշ քարերից շարված պատի հատվածներ: Մեկնաբանություններում ադրբեջանցի հնագետը նշում է, որ այդ տարածքում իրենք աշխատանքներ են իրականացրել դեռևս 2023 թվականի օգոստոսի 23-ից»,- հայտնում է կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 2021 թվականից ի վեր ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում էր, որ «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում հնագիտական աշխատանքներ են նախատեսվում: Սա Տիգրանակերտի ադրբեջանական «պեղումների» մեզ հայտնի առաջին փաստն է։ Այն մզկիթին կից գերեզմանոցի հենապատն է: 2011 թվականին Արքայական աղբյուրների շրջակայքում իրականացված պեղումների արդյունքում բացվել են նաև մզկիթի առջև գտնվող ջրավազանը, կից ժայռին փորված մի կառույցի ժապավենաձև հիմքերը։
44-օրյա պատերազմի ընթացքում Տիգրանակերտի հնագիտական գույքը տեղափոխվել էր ապահով վայր։ Պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, որի հետևանքով ամբողջովին ոչնչացվել էր Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: