Հայաստանում հարցված 1100 քաղաքացիների գրեթե 50%-ը կողմ է արտահայտվել այն հարցին, որ ՀՀ-ն պետք է պայքարի Արցախի և արցախցիներին հայրենիք վերադարձնելու համար, տեղեկանում ենք «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալներից։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնել է, որ հարցված 1100 քաղաքացիների 40%-ը դրական է արտահայտվել արցախահայերին ՀՀ-ում ինտեգրելու գործընթացին։ Նշված 40%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է հոգ տանի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական և այլ իրավունքների համար։
«Հարցվածների 9,2%-ը կողմ է, որ ՀՀ-ն պետք է անի առավելագույնը, որպեսզի Արցախի հայությունը հնարավորություն ունենա վերադառնալ Արցախ, ապրի Ադրբեջանի կազմում՝ ազգային փոքրամասնության կամ այլ կարգավիճակով։ 3,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունն Արցախի հարցում»,- հայտնել է Նավասարդյանը։
Հեռախոսային հարցումն իրականացրել են նոյեմբերի 1-4-ը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։