2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը փաստել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը, ավերված շինությունների թվում էր գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, հայտնում է Armenian Global Community-ն։ Եկեղեցին կառուցվել էր 18-19-րդ դարերում, վերափոխվել խորհրդային տարիներին, ապա վերածնվել որպես եկեղեցի 1990-ականներին՝ մինչև 44-օրյա պատերազմը։
2022թ․ հուլիսի 6-ի արբանյակային նկարներից հստակ երևում է, որ եկեղեցին և շրջակայքի շենքերի մեծ մասն ավերակների մեջ են:
Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումն Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերին սահմանված ժամանակավոր միջոցի առաջին փաստագրված խախտումն էր։ Այս «ժամանակավոր միջոցը» բխում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործից, որտեղ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք կատարվում են հայկական մշակութային ժառանգության վրա՝ ներառյալ, եկեղեցիները, պաշտամունքի վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները։
Հետագա արբանյակային նկարներից ակնհայտ է դառնում, որ ավերված հայկական եկեղեցու տեղում նոր շենք է կառուցվել կամ հինը վերականգնելու փորձ է արվել։
Caucasus Heritage Watch-ն արձանագրել էր նաև Հադրութի շրջանի այլ պատամական հուշարձանների ու բնակավայրերի ավերման փաստը։
2022թ․ սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը։ 2023թ․ սեպտեմբերի 27-ին Caucasus Heritage Watch-ը հաղորդել էր, որ ադրբեջանցի երկու զինվոր կրակել են Արցախի Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի ուղղությամբ։