Հնարավոր է, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին, գրում է «Ազատություն»-ը։
«Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց, հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան հաջորդ ամիս»,- գրել է լրատվամիջոցը։
Նշվում է, որ բրյուսելյան աղբյուրը միաժամանակ որոշ փակագծեր է բացել այդ բանակցություններից՝ մանրամասնելով, որ դրանց օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։ Ընդ որում՝ եվրոպացի դիվանագետը նշել է, թե իրենց հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ որևէ նկրտում չունի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր Բրյուսել հանդիպման մինչև հոկտեմբերի վերջ։
Հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը բրյուսելյան հանդիպմանը։