«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը, հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը։
«Բանն այն է, որ նա ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորությունները, քանզի Երևանի ավագանու կանոնադրության համաձայն՝ քաղաքապետի երդմնակալության արարողությունը ավագանու հատուկ նիստ է, որը իրավազոր է համարվում, երբ ներկա է ավագանու ընդհանուրի՝ 65-ի կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 33 անդամ»,-գրել է նա։
Ըստ Աղեկյանի՝ հոկտեմբերի 13-ին՝ Ավինյանի երդմնակալության օրը, քվորում չի եղել։
«Հետևաբար, երդման արարողությունը և քաղաքապետի լիազորությունների ստանձնումը հակաօրինական էր։ Մենք պահանջում ենք դատարանից պարտավորեցնել օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության հատուկ նիստն անցկացնել։ Հակառակ պարագայում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողի բոլոր որոշումները կլինեն խոցելի և օրենքից դուրս»,-ընդգծել է Աղեկյանը։
Հոկտեմբերի 10-ին ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին ձայներով քաղաքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, որը դարձավ նիստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն։
«Ազգային առաջընթացը» հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ չի մասնակցի նոր ավագանու նիստին՝ այսպիսով՝ գնալով նոր ընտրությունների։ «Մայր Հայաստան» խմբակացությունը նույնպես տեղեկացրել էր, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին։ Իսկ «Հանրային ձայն»-ը հայտարարել էր, որ չի գնա նոր ընտրությունների և կմասնակցի ավագանու նիստին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։