Վրաստանի Փոթիի նավահանգիստը կառավարող «APM Terminals Poti sudtverdili» ընկերությունը հաստատել է ֆրանսիական «Bastion» տեսակի զինտեխնիկայի տարանցումը Հայաստան, ընկերությունն այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը։
«Բեռը ժամանել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, որն ուղարկել ենք Հայաստան, մի երկիր, որի վրա պատժամիջոցները չեն տարածվում»,- հայտնել են ընկերությունից։
Նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ-ն արձագանքել էր Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին ուղարկած զենքի լուսանկարների հնարավոր արտահոսքի մասին Armenia Today-ի հարցմանը։ ՀՀ ՊՆ-ից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին, թե խոսքն արդյոք Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության արդյունքում ձեռք բերված զինտեխնիկայի մասին է։
«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- տեղեկացրել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶԼՄ-ները Վրաստանի Փոթի նավահանգիստ ժամանած զինտեխնիկայի լուսանկարներ էին տարածել։ Լուսանկարներում հստակ երևում էին նաև զենքերի տեսակները, տեխնիկական բնութագրերը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դրանք ՀՀ-ին Ֆրանսիայի կողմից ուղարկված զենքերն են։ Նոյեմբերի 13-ին նման տեղեկություն է տարածվել նաև ռուսական լրատվամիջոցներում։
Հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին զինելու Ֆրանսիայի մտադրություններն անվանել էր Փարիզի կողմից Երևանը «ռազմական արկածախնդրության» մեջ «ներքաշելու» փորձ։