Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ են գրանցել Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Չորրորդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը Գերմանիայի և Լեհաստանի թիմերի հետ կիսում է առաջին հորիզոնականը:
Կանանց հավաքականը, իր հերթին, 3.5:0.5 հաշվով հաղթել է Շվեյցարիայի թիմին և այժմ կիսում է 4-6-րդ հորիզոնականները:
Հաղթանակներ են գրանցել Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:
Հինգերորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Գերմանիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Ֆրանսիայի թիմի հետ: